ՀՀ դատախազությունը Երևանի ավագանու ընտրության 4 խախտում է ստացել ժամը 14:00–ի դրությամբ

Երևանի ավագանու ընտրություններ
Նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը ժամը 14:00–ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության 4 խախտման մասին հաղորդում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առերևույթ հանցանքի մասին 4 հաղորդումներից 2-ը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ուղարկվել է նախաքննական մարմին: Դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ այլ իրավախախտման:
«Մյուս երկու հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ՝ դրանցում նշված տեղեկությունների մասին ստուգողական գործողություններ կատարելու նպատակով»,– նշեց Արսենյանը:
Բացի այդ, նա ներկայացրեց 2023 թ. օգոստոսի 23–ից մինչև սեպտեմբերի 15–ն ընկած նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ դատախազության աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները:
Այս ընթացքում դատախազությունն ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում:
«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից` 4-ը՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ»,– տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Բացի այդ, 17–ից մի հաղորդումը վերաբերել է անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելուն, մեկ հաղորդում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, մեկ հաղորդում վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն և այլն։
ՄԻՊ–ի թեժ գիծը ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ է ստացել