Դատախազությունը ստացել է 22 հաղորդում քվեարկությանը հնարավոր խախտումների վերաբերյալ

ՀՀ դատախազության շենքը. Արխիվային լուսանկար
2 հաղորդում վերաբերել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1 հաղորդում էլ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետի ընտրությունների քվեարկության ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ 22 հաղորդում: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան։
Նա նշեց, որ դրանցից 7-ը եղել է մամուլի հրապարարկում, 2–ը` սոցցանցերում կատարված գրառում, 4-ը` դիտորդական առաքելության, 4-ը` ֆիզիկական անձանց, 2–ը` ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի և 3-ը ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ։
«Հաղորդումներից 13-ը իրենց բնույթով եղել են վերացական և ընդհանրական, դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ»,– ասաց Էդգար Արսենյան։
22 հաղորդումներից 9-ն էլ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե կամ քննչական կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ` հետագա քրեական վարույթ հարուցելու նպատակով ։
«Այս հաղորդումներից 2-ն էլ վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակելուն, որոնցից մեկով քրեական վարույթ չի նախաձեռնվել»,– ասաց նա։
1 հաղորդում էլ դատախազությունը ստացել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Ընտրացուցակում 159 ընտրող գրանցված է Նոր Նորքի գերեզմանատանը. «ՀայաՔվեի» բացահայտումը
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։
Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։