Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Արխիվային լուսանկար
Ադրբեջանը ոչ միայն պարբերաբար խախտում է հրադադարը, այլև կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Տեղեկությունը հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17–ին` ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հիշեցնենք` Ադրբեջանը ոչ միայն պարբերաբար խախտում է հրադադարը, այլև կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։ Եթե ադրբեջանական կողմը նախկինում ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։