ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային և կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման և նոր ձեռքբերումների տարի: Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը»–ասվում է ուղերձում:
Նշենք, որ Հայաստանում ապրող հրեաների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 500-2000-ի սահմաններում։
Հրեական Նոր տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբերի ամիսներին, լիալուսնի օրը։
Այդ օրը հրեաներին արգելված է աշխատել, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։