Սեպտեմբերի 16-ին Լաչինի միջանցքով 80 մարդ է տեղափոխվել Հայաստան

Խաղաղապահները նրանց օգնել են բարձել և տեղափոխել գույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով 80 մարդ է տեղափոխվել Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի Telegram ալիքից։
Լաչինի միջանցք, սեպտեմբերի 16
Նշվում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր:
«Խաղաղապահները կազմակերպել են այդ մարդկանց փոխադրումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, հետևել ադրբեջանական կողմից սահմանային հսկողության անցակետով նրանց անցմանը, օգնել են բարձել և տեղափոխել գույքը, ապահովել հարմարավետ ավտոբուսներով տեղաշարժվելու հնարավորությունը»,–ասվում է հրապարակման մեջ։
Լաչինի միջանցք, սեպտեմբերի 16
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։