ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է տանիքն ու տան գույքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 15-ին` ժամը 21:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցում գտնվող տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը քաղաքացիները տնից դուրս են բերվել տեղի ուժերով։ Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։21-ին, մարվել՝ 00։47-ին։
Այրվել են տան տանիքը մոտ 120 քմ և տնից մոտ 80 քմ հատված՝ գույքով։