ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Գյումրու քաղաքային ստադիոնում այսօր «Փյունիկը» խոշոր` 3։0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ «Փյունիկ» - ԲԿՄԱ խաղով էլ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը։
Եղիշե Մելիքյանի թիմը խաղի ընթացքում բացահայտ առավելություն ուներ։ Կարծում ենք` հիմնական պատաճառը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հրաժարականն էր մինչ այս խաղը։
Բացի այդ, հյուրերի կարգավիճակով հանդես եկող թիմի կազմում բացակայում էին մի քանի փորձառու ֆուտբոլստներ։
«Փյունիկը» հաղթողի հարցը այս մրցավեճում լուծեց առջին կեսի ընթացքում` 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Երկրորդ կեսում ԲԿՄԱ-ն կարող էր մեկ գնդակ հետ բերել, բայց նշանակված 11–մետրանոց հարվածը դարպասապահը հետ մղեց, ու նույնը արեց, երբ մրցավարը կրկնել տվեց հարվածը նշակետից։
7 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է «Փյունիկը»։
16 միավորով երկրորդ տեղում է ընթանում «Ալաշկերտը», իսկ «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» վաստակել են 13-ական միավոր։