Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 8 բուժառու է ուղեկցողների հետ միասին տեղափոխվել Հայաստան

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։