ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան դերբիում դարձել է գոլի հեղինակ` առաջ մղելով «Ինտերին»։ Սա Մխիթարյանիառաջին գոլն է Ա սերիայի ընթացիկ առաջնությունում։
Նշենք, որ իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում մրցում էին Միլանը ներկայացնող երկու թիմերը` «Ինտերն» ու «Միլանը»։ Մինչ այս հանդիպումը մրցող կողմերը երեքական հաղթանակ էին տարել ու 100–տոկոսանոց արդյունքով գխավորում էին մրցաշարային աղյուսակը։
Հանդիպումը շատ լավ մեկնարկ ունեցավ Սիմոնե Ինձագիի թիմի համար։ Արդեն հինգերորդ րոպեին «ներաձուրիներն» առաջ անցան հաշվի մեջ։
Դիմարկոյի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը մոտ 5 մետրից անկասելի հարվածով առաջ մղեց իր թիմին։
Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն է Ա սերիայի այս մրցաշրջանում։ Ընդ որում, ընդամենը 7 րոպե անց Հենրիխը կարող էր դառնալ դուբլի հեղինակ, բայց հայ ֆուտբոլիստի գլխավոր հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։
Ի դեպ, կարծես թե Ինձագին փոխել է Մխիթարյանի խաղային դիրքը, քանի որ հայ ֆուտբոլիստը շատ հաճախ հայտնվում էր իր թիմի հարձակվողների թիկունքում` կատարելով մաքուր «10» համարի, կամ ենթահարձակվողի դերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտեր» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին` «Ռոմայից»: Իտալիայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Միլանյան ակումբի կազմում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Մխիթարյանի գործող պայմանագիրը «ներաձուրիների» հետ վավեր է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը: