ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից անշարժ գույք և ֆինանսական միջոցներ բռնագանձելու պահանջի վերաբերյալ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ապօրինի է և իրականությանը չի համապատասխանում։ Գործին նման որակում է տվել Նազարյանի փաստաբանական թիմի ղեկավար Գագիկ Խաչիկյանը NEWS.am-ի հետ զրույցում։
Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Նազարյանից շուրջ 8 անշարժ գույք և 1 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ բռնագանձելու պահանջի վերաբերյալ։
«Երեկ մի շարք լրատվամիջոցներով տարածված գլխավոր դատախազության հաղորդագրությունը ապօրինի է և իրականությանը չհամապատասխանող»,–ասել է Խաչիկյանը։
Ընդգծվում է, որ արդարացման հիմքով գործի կարճումը ինքնըստինքյան հիմնազուրկ է դարձնում դրանից բխող որևէ գործընթաց, այդ թվում՝ վերջինիս նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։
«Ինչ վերաբերում է իբր ապօրինի գույքի և ֆինանսների առնչությամբ ստահոդ հայտարարություններին, ապա դրանք մանրամասն վերլուծվել և հերքվել են մեր կողմից դատարան ներկայացրած փաստաթղթերով»,–նշել է նա։
Ռոբերտ Նազարյանի պատիվն ու հեղինակությունը անհարկի շահարկելու փորձերն ի սկզբանե կանխելու անհրաժեշտությունից ելնելով, վերջինիս պաշտպանական թիմը կարճ ժամանակում պատրաստվում է հանդես գալ առկա գործընթացների ավելի մանրամասն ու հանգամանալից վերլուծությամբ։