Բանգլադեշի և Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել հայ–թուրքական սահմանը հատելիս

Հայ–թուրքական սահման
Մի դեպքում օտարերկրացիները փորձել են սահմանը հատել ՀՀ Արարատի մարզում, մյուս դեպքում` Արմավիրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Օտարերկրյա երեք քաղաքացի է ձերբակալվել Հայաստան–Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հաստատել են երեք անձանց ձերբակալման մասին տեղեկությունը։
Հայտնել են նաև, որ Արարատի մարզում 2 օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ գործ է նախաձեռնվել Արմավիրի մարզում «առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության» հետիոտնի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի կապակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։
Sputnik Արմենիայի տվյալներով` առաջին դեպքում` սեպտեմբերի սկզբին, Բուրաստան գյուղի մոտ ռուս սահմանապահները ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, որոնք ցանկացել են Հայաստանից Թուրքիա անցնել։
Երկրորդ դեպքում` Թուրքիայի քաղաքացին է ցանկացել Թուրքիայից Հայաստան ներխուժել, նրան կանգնեցրել են Բերքաշատ գյուղի մոտ և ձերբակալել։
Հուլիսի վերջին սահմանն ապօրինի խախտելու փորձ կատարելիս Սիրիայի քաղաքացի էր ձերբակալվել։
Միջպետական պայմանագրի շրջանակում Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչությունը զբաղվում է Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պաշտպանությամբ։