ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային հուշարձանների ճակատագրի վերաբերյալ զրուցել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի թեմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամները։
«Հյուրերն իրենց հետաքրքրությունն են արտահայտել Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր: