ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. 2019-20 թվականներին dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը կայքի տվյալների բազան հասարակական հիմունքներով փոխանցել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի գերատեսչության համար պրոդուկտ պատրաստվի։ Տարիներ անց պարզվել է, որ այդ պրոդուկտը ՊՆ–ն չի օգտագործում և այդ հիմքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալոյանի փաստաբան Լևոն Սահակյանը։
Դեպտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ Նրա փաստաբան Լևոն Սահակյանը գրել էր, որ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ «հանդգնել է ՀՀ պաշտպանության նախարարությանը օրենքով սահմանված կարգով օգտակար լինել»։
Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկ առավոտյան ակհայտ ապօրինի կերպով խուզարկություն է կատարվել Սուրեն Ալոյանի բնակարանում։ Ընդ որում, փաստաբանին չեն թույլատրել ներկա գտնվել խուզարկությանը։
«Ալոյանին առաջադրված մեղադրանքը զուրք է հիմքից, բայց քաղաքական ենթատեքստ չենք տեսնում։ Պարզապես մեզ թվում է, որ քննչական կոմիտեն չգիտի, թե ինչ է անում»,–ասաց փաստաբանը։
Նա մանրամասնեց, որ Սուրեն Ալոյանը մեղադրվում է այն բանի համար, որ dasaran.am հարթակը տրամադրել մի կազմակերպության, որը ծառայություններ է մատուցում ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Խոսքը ծրագրային ապահովման մասին է։
«2019-20 թթ.–ին պատվեր է իջեցվել ՊՆ–ից, որպեսզի այդ կազմակերպությունը պրոդուկտ պատրաստի գերատեսչության համար։ Այդ պրոդուկտը պատրաստվել է 2-3 տարում և պատշաճ որակով տրվել է ՊՆ–ին։ Dasaran.am–ն իր ունեցած բազաները սահմանված կարգով փոխանցել է ՊՆ–ին։ ՊՆ–ին հետաքրքրիր էր, թե ինչպիսի աշակերտներ մենք ունենք, ինչ նախասիրություններով, ովքեր որտեղ են գտնվում։ Առայսօր ՊՆ–ից որևէ առարկություն, բողոք կամ պահանջ չի եղել այդ պրոդուկտի նկատմամբ։ Անցել են տարիներ, և հիմա պարզվել է, որ ՊՆ–ն չի օգտագործում այդ պրոդուկտը։ Թե ինչուչի օգտագործում, մենք դա չենք կարող ասել»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` հարուցվել է քրեական գործ իբր այն պատճառով, որ մատուցվել է ոչ պատշաճ պրոդուկտ։ Մեղադրանք է ներկայացվել և այդ կազմակերպությանը և Սուրեն Ալոյանին` որպես օժանդակողի։
«Ալոյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ես հույս ունեմ և գրեթե վստահ եմ, որ նա շատ կարճ ժամանակ կմնա մեղադրյալի կարգավիճակում և արդարացման հիմքով քրեական հետապնդումը նրա նկատմամբ կդադարեցվի»,–ասաց նա։
Հիշեցնենք, այսօր` ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 5 անձինք, այդ թվում dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը, մեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում 106.300.000 ՀՀ դրամի հափշտակելու մեջ։
Նշված անձանց 2023 թվականի սեպտեմբերի 15–ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն օրը որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանիի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Նախաքննությունը շարունակվում է։