ԱԱ. ըմբիշ Արման Անդրեասյանը հավակնում է աշխարհի առաջնության մեդալին

61 կգ քաշային կարգում Նորիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 0։5 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Բեկրենևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականից պայքարի են դուրս եկել երկու ըմբիշներ։
61 կգ քաշային կարգում Նորիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 0։5 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Բեկրենևին։
Իսկ ահա մեր երկրորդ ըմբիշը` Արման Անդրեասյանը, որը գոտեմարտում է 70կգ քաշային կարգում, հավակնում է աշխարհի առաջնության մեդալին։
Հայ ըմբիշը երեք գոտեմարտ է անցկացրել ու տոնել նույնքան հաղթանակ։ Նա առավելության է հասել չինացի Նան Չաոյի նկատմամբ` 4։1 հաշվով, ապա Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆաթի Վեյսելի նկատմամբ՝ 5։2, և, վերջապես, քառորդ եզրափակիչում Անդրեասյանը պարտության է մատնել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին 5։3 հաշվով։
Սուրեն Աղաջանյանը ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել
Եզրափակիչ դուրս գալու համար այսօր երեկոյան Արման Անդրեասյանը գոտեմարտելու է ամերիկացի Զեյն Ռետերֆորդի հետ։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):