Վանաձորում 40–ամյա բնակիչը բարեկամի օգնությամբ կրակել է երկու կանանց վրա. ՔԿ

Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։ 40–ամյա բնակիչը, ինչպես նաև նրա ազգականը ձերբակալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վանաձոր քաղաքի երկու կին բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել նույն քաղաքի 40-ամյա բնակչին և վերջինիս բարեկամին, նրանք ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:29-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոնից» այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առևտրի կրպակի հարակից տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիներ՝ 24 և 33 տարեկան»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակի 3 գնդակ և 1 պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ և դեպքի վայրի հարակից հատվածներում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև դեպքի պահին տուժողների հագին գտնվող հագուստները։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչ է:
Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս անձնական հարցերի հետ կապված անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել համաքաղաքացու հետ, որի պատճառով որոշել է վրեժխնդիր լինել:
Նա ոգելից խմիչքի ազդեցության տակ, բարեկամի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայով, 2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, մոտեցել է Վանաձորի Վարդանանց փողոցում գործող, համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութին։
Նա ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահած ատրճանակից կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ և եղբոր կնոջ ուղղությամբ։
Արդյունքում՝ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել։ Վնասվել են նաև խանութի ապակիներն ու ներսի գույքը։ Սակայն 40–ամյա բնակիչը վրիպել է կանայք հրազենային վիրավորում են ստացել ստորին վերջույթների շրջանում։ Վիրավորում ստացած կանայք թաքնվել են խանութում, որի պլանավորած հանցագործությունն ավարտին չի հասցվել։
40–ամյա բնակիչը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Որոշում է կայացվել Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչի և վերջինիս բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, նշված անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել սպանության փորձ և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հոդվածներով, իսկ նրա բարեկամին՝ սպանության փորձին հանցակցելը հոդվածով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: