ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հետևել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ներկա են եղել նաև ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ և ներկայացուցիչներ։
Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
Դեսպան Քվինը նշել է, որ բարձր են գնահատում ՀՀ մասնակցությունը խաղաղապահ առաքելության շրջանակում, և այս զորավարժությունը ցույց է տալիս ստորաբաժանումների բարձր կարողությունը, ներդաշնակ գործելաոճը և մասնագիտական հմտությունը։
«Կարծում եմ` այս համագործակցությունը կլինի շարունակական և կխորացնի փոխգործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև»,– ընդգծել է նա։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարներն ու կայացվում են որոշումները:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում կայանալիք զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում ԱՄՆ ուժերի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը:
Իսկ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։
Հրամանատարությունից նշել են, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար։