Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել ԼՂ–ում ստեղծված իրավիճակի շուրջ. Պեսկով

Ներկայում ադրբեջանական և հայկական կողմերի հետ տարբերակներ են մշակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում», - ասել է նա՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ներկայում կողմերի հետ տարբեր տարբերակներ են մշակվում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը հասցվել է ռուսական կողմից:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։