ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մի շարք այլ պատճառներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Պարզվել է, որ արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:
Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: