Իգոր Նիկոլաևը պլանային զննում է անցնում հիվանդանոցում. ԶԼՄ

Իգոր Նիկոլաև
Ավելի վաղ մի շարք Telegram–ալիքներ տեղեկություն էին տարածել, որ Նիկոլաևը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում սրտամկանի ինֆարկտի ախտանշաններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաևը հիվանդանոցում է գտնվում պլանային բուժզննման նպատակով, մտահոգվելու առիթ չկա։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է երաժշտի մտերիմներից մեկը։
«Նրա հետ ամեն ինչ նորմալ է, հենց նոր խոսել են նրա հետ։ Նա վերակենդանացման բաժանմունքում չէ։ Պլանային ստուգումներ է անցնում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ մի շարք Telegram–ալիքներ տեղեկություն էին տարածել, որ Նիկոլաևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում սրտամկանի ինֆարկտի ախտանշաններով, նրա վիճակը ծանր է, բժիշկները արտակարգ խորհրդակցություն են անցկացրել` որոշելու համար` արդյոք կարելի է վիրահատություն անցկացնել։
Կոմպոզիտորի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել դեռ տարեսկզբին. ԶԼՄ-ները ինֆարկտի կասկածանքով հոսպիտալացնելու մասին հայտնել էին հունվարի 31-ին: Այնուհետև Նիկոլաևին շտապ տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել։
Դրանից հետո Նիկոլաևը հայտարարել էր, որ իրեն լավ է զգում և ծայրահեղ ծանր վիճակի մասին տեղեկությունը փոքր-ինչ չափազանցված է եղել:
Իգոր Նիկոլաևը ծնվել է 1960 թվականի հունվարի 17-ին Խոլմսկում (Սախալինի մարզ)։ Երգեր է գրել Ալլա Պուգաչովայի («Айсберг», «Расскажите, птицы»), Իրինա Ալեգրովայի («Суженый мой», «Не улетай, любовь», «Странник», «Младший лейтенант»), Նատաշա Կորոլյովայի («Желтые тюльпаны», «Подсолнухи», «Маленькая страна») համար։ 1986 թվականից հանդես է գալիս որպես մեներգիչ։