ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 5-րդ, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` 6-րդ տեղը։
Մեր երկու մարզուհիներն էլ պոկում վարժությունը սկսեցին 105 կգ–ով, երկուսն էլ առաջին մոտեցումը ձախողեցին։ Երկրորդ մոտեցումով մարզիկները գլխավերևում պահեցին պատվիրված քաշը։ Իսկ երրորդ մոտեցման համար պատվիրված 108 կգ–ը ծանրամարտիկները չկարողացան բարձրացնել։
Հրում վարժությունում Խուրշուդյանը մեկ մոտեցում իրացրեց ու, բարձրացնելով 130 կգ, երկամարտում գրանցեց 235 կգ արդյունք, իսկ Տաթև Հակոբյանը բարձրացրեց 132 կգ և երկամարտում գրանցեց 237 կգ արդյունք։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց պայքարում այսօր մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը։ Նա երկամարտի 223 (96+127) կգ արդյունքով B խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին երկու մասնակիցները հանդես կգան սեպտեմբերի 17-ին։ Գերծանր քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը: Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը համապատասխանաբար փոքր բրոնզ ու ոսկի են նվաճել: Գարիկ Կարապետյանն արժանացել է փոքր արծաթի։