ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈւ–ի դուրսբերումը կամրապնդի վստահությունը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն անդրադարձել է 1 տարի առաջ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վստահ է` Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին: Այս մասին Մարուքյանը գրել է X-ի իր միկրոբլոգում` անդրադառնալով 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիային, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ ունեցավ:
«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 ք/կմ օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ Ադրբեջանի ԶՈւ–ն դուրս չի բերվել այդ տարածքներից: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին»,– գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Նա շեշտել է` ադրբեջանական ԶՈւ–ն պետք է լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, իսկ բոլոր ռազմագերիները և մյուս ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022–ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։