ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը ԵՄ առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ– ադրբեջանական սահմանային գոտի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելությունը։
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,– գրված է X-ի էջում։
Նշենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին երեկ ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարևորել էր նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել ՀՀ–ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Ի դեպ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Հաջորդ օրը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել այդ պատճառով։