Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները կտրուկ կիջնեն, առաքման ժամկետը կկրճատվի. «ՀայՓոստ»

«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշել է, որ ծանրոցների առաքումն իրականացվում է օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաև փոստփոխանակման որակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «ՀայՓոստը» դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայՓոստ» ընկերությունը։
Նշվում է, որ գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:
«Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57,500 ՀՀ դրամ, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39,100 ՀՀ դրամից դարձել է 20,000 ՀՀ դրամ»,–ասված է է հաղորդագրությունում:
«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշել է, որ ծանրոցների առաքումն իրականացվում է օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաև փոստփոխանակման որակը։
«ՀայՓոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցների առաքման գները
«Էականորեն կրճատվել են նաև փոստփոխանակման ժամկետները։ Եվրոպական թոփ ուղղությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, միջին առաքման ժամկետը կազմում է 7-10 օր»,– նշում է ՓԲԸ–ն։
Ընկերությունից նաև հայտնում են, որ բարելավվել է ներհանրապետական փոստփոխանակման որակը:
Այժմ 80%-ից ավել առաքանիները Հայաստան մուտք գործելուց հետո հասնում են իրենց հասցեատերերին 2 օրվա ընթացքում։