ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Բուրկինա Ֆասոն Ֆրանսիայի դեսպանատան ռազմական կցորդ Էմանուել Պասկիեին արտաքսել է «քայքայիչ» գործունեության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բուրկինա Ֆասոյի լրատվական գործակալությանը։
«Բուրկինա Ֆասոյում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Էմանուել Պասկիեն և Ուագադուգուում Ֆրանսիայի ռազմական գրասենյակի աշխատակիցները երկու շաբաթ ունեն Բուրկինա Ֆասոյից հեռանալու համար»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին, որը հայտնել էր նաև սեպտեմբերի 14-ից Փարիզում Բուրկինա Ֆասոյի ռազմական առաքելության փակման մասին:
2022 թվականի սեպտեմբերի վերջին լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բուրկինա Ֆասոյում զինվորականների խումբը՝ կապիտան Իբրահիմ Տրաորեի գլխավորությամբ, հայտարարել է երկրի անցումային շրջանի կառավարության ղեկավար փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային տապալելու, սահմանադրության գործողությունը կասեցնելու և կառավարությունը լուծարելու մասին։
Բուրկինա Ֆասոն, որը գտնվում է Սահելի շրջանում, փորձում է զսպել արմատական ջիհադիստների հարձակումը, որը սկսել է 2015 թվականից: