ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածվում է մի լուր, թե Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն զինծառայողների տարհանում է:
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս: Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախից ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան են տեղափոխվում նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր: