ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է,Կոտայքի մարզում շահագործվող գազալցակայանինը` դադարեցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի Արագած գյուղում գտնվող Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Կոտայքի մարզի Սևան-Երևան մայրուղում գտնվող «Սի փի էս էներջի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում (գազալցակայանի)։
«Արտադրական վտանգավոր օբյեկտներում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմնի կողմից իրականացված բացատրական աշխատանքներից հետո Արագած գյուղում գտնվող բենզալցակայանն ապամոնտաժվել է տնտեսվարողի կողմից։
Արագածի բենզալցակայանի ապամոնտաժումը
Իսկ Սևան-Երևան մայրուղում շահագործվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև կարգադրագրով սահմանված խախտումների վերացումը։