ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հերթական կեղծ լուրն է տարածել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: