ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն դարձյալ կրակել է Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև եպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: