Զելենսկին կհանդիպի Բայդենի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ԱՄՆ կատարած այցի շրջանակում

Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը. Արխիվային լուսանկար
Դեռ պարզ չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը՝ Նյու Յորքում, որտեղ կանցկացվի Գլխավոր ասամբլեան, թե Սպիտակ տանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
Միաժամանակ հեռուստաալիքը նշում է, որ դեռ պարզ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը՝ Նյու Յորքում, որտեղ կանցկացվի Գլխավոր ասամբլեան, թե Սպիտակ տանը։
Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ նախագահն ու Զելենսկին կհանդիպեն Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո։ Վերջին անգամ Բայդենն ու Զելենսկին հանդիպել են հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ Զելենսկին հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կարող է հայտնվել Ռուսաստանի ներկայացուցչի հետ նույն սեղանի շուրջ։ Ինչպես հրապարակմանը հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, Զելենսկին հույս ունի աջակցություն ստանալ այլ երկրներից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի, ինչպես նաև օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 26-ը։