Սուրեն Պապիկյանն ու ԼՂ–ում խաղաղապահների հրամանատարը քննարկել են օպերատիվ իրավիճակը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին
Պաշտպանության նախարարն ընդգծել է եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է այսօր։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին
«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: