ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սխրանք են գործել` կանգնեցրել են արյունալի պատերազմը, և, ընդ որում, արևմտյան երկրներից այդ առաքելությունը կատարել ցանկացողներ չեն եղել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico–ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը ԼՂ–ում:
«Ես կարծում եմ, որ մեր խաղաղապահները սխրանք են գործել՝ կանգնեցրել են արյունալի պատերազմը 2020 թ. նոյեմբերին։ Մինչդեռ դա անել ցանկացողներ չկային ո՛չ ամերիկացիների, ո՛չ էլ ֆրանսիացիների մեջ»,– ասել է նա։
Ջաբարովն ընդգծել է` եթե չլինեին ռուս խաղաղապահները, այնտեղ մարդկային մեծ ողբերգություն տեղի կունենար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: