ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իրավական ոլորտում համագործակցության խնդիրները քննարկել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին։ Գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել։ ՔԿ–ի և Հնդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։
Դեսպանն իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։