ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ, հանդիպել Գալեյանին

Գարիկ Գալեյանը. Արխիվային լուսանկար
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Նշվում է, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Գարիկ Գալեյանի հետ:
«Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Գարիկ Գալեյանը 2 ամսով կալանավորվել է սեպտեմբերի 9-ին։