ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից, հայտնում է Indian Defence Research Wing–ը` վկայակոչելով տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին։ Նշվում է, որ հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին։ Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։
Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։
Միաժամանակ նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամկետից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին։