ՀՀ–ում կենսաթոշակառուները մեկ ամսում 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել

Տարիքով կին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, թե այս պահին քանի կենսաթոշակառու է անկանխիկ առևտուր անում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքների թարմացված տվյալները ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նաև նշեց, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին միացել են նոր բանկեր ու քաղաքացիներ։ 2023 թ. օգոստոսին համակարգին միացել է Հայէկոնոմբանկը, ինչի արդյունքում, ըստ նախարարի, 15 հազար նոր քաղաքացի է միացել համակարգին։
Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։
Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը, ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կլինի։
«Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` ՀՀ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից։ Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
Հայաստանում ապրանքների բարձր գները գերշահույթ են ապահովում. Մանասերյան