ՀՀ–ի և Հարավային Կորեայի միջև առևտրաշրջանառությունը վերջին 3 տարում աճել է 45%–ով. Կիմ

Սոնգ Սու Կիմ
Հարավային Կորեան հայկական բիզնեսին առաջարկում է կիրառել արդյունաբերական զարգացման իր հարուստ փորձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 63 մլն դոլար։ Երևանում մեկնարկած հայ–կորեական համաժողովում այս ցուցանիշը ներկայացրեց Հայաստանում KOTRA գրասենյակի գլխավոր տնօրեն Սոնգ Սու Կիմը։
«Երբ 1992 թվականին մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, մեր առևտրաշրջանառությունը 420 հազար դոլար էր կազմում։ Նախորդ տարի այն կազմել է 63 մլն դոլար։ Միայն վերջին երեք տարում առևտրաշրջանառությունն աճել է 45%–ով», – ասաց նա։
Կիմի խոսքով` Կորեան արդյունաբերական զարգացման հարուստ փորձ ունի, որը պատրաստ է փոխանցել Հայաստանին` հաշվի առնելով նրա ռեսուրսները։ Եվ այդ առումով հայ–կորեական համաժողովը լավ հնարավորություն է երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։
«Հուսով եմ` կորեացի ներդրողները կիմանան Հայաստանի գործարար մթնոլորտի, իսկ հայ գործարարները` Կորեայի տնտեսության հնարավորությունների մասին», – ասաց Կիմը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին հայտարարեց, որ համաժողովի նպատակը Կորեայի հետ տնտեսական համագործակցությունը խթանելն է։
«Համաժողովին մասնակցում են կորեական այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք էական ձեռքբերումներ ունեն տեխնոլոգիական զարգացման մի շարք ուղղություններով, այդ թվում` վերականգնվող էներգիա, մշակող արդյունաբերություն, պարենի, ալկոհոլի արտադրություն, բժշկական և թվայնացման ոլորտներ», – նշեց Խոջոյանը։
ՀՀ–ի օգտին միավորներ. Սլեպնյովը խոսել է Իրանի, կանաչ տնտեսության և е-commerce-ի մասին
Նա վստահություն հայտնեց, որ համաժողովը թույլ կտա նոր գործարար կապեր ստեղծել, ներդրումներ ներգրավել և փորձի փոխանակում իրականացնել։
Կորեայի Հանրապետության КОТRА ոչ առևտրային կառավարական կազմակերպությունը հիմնադրվել է 1962 թվականին և այսօր աշխարհի 84 երկրներում ներկայացված է տարածաշրջանային գրասենյակներով` կորեական ընկերությունների հետ օտարերկրյա բիզնեսի արդյունավետ փոխգործակցության նպատակով։
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վերացվել է վիզային ռեժիմը