Գարիկ Կարապետյանը արծաթե փոքր մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Գարիկ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի ծանրամարտի հավաքականը մինչև 102 կգ քաշային կարգում ներկայացնում էին Եվրոպայի գործող երկու չեմպիոններ՝ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։ Սամվելը 109 կգ քաշային կարգից տեղափոխվել էր 102 կգ քաշային կարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Էլ Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական համարվող 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Գարիկ Կարապետյանը 393 կգ արդյունքով 5-րդ տեղը։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում այս քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտում դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Գարիկ Կարապետյանը առաջին անգամն էր մասնակցում աշխարհի առաջնությանը։
Պոկում վարժությունում մեր ծանրորդների նախնական պատվերը առաջին մոտեցման համար տարբերվեց։ Կարապետյանը պատվիրել էր 175 կգ, իսկ Գասպարյանը 178 կգ։ Ընդ որում` Սամվելի պատվերը ամենաբարձրն էր A խմբի մասնակիցների մեջ։ Մեր երկու ծանրորդներն էլ արդյունավետ իրացրին իրենց առաջին մոտեցումը։ Երկրորդ մոտեցման համար մերոնց պատվերն արդեն համընկավ՝ 183 կգ։ Բայց այս դեպքում մեր տղաները քաշը բարձրացնել չկարողացան։ Երրորդ մոտեցումով Կարապետյանը գլխավերևում պահեց 183 կգ, իսկ Գասպարյանը փոքր ոսկե մեդալը նվաճելու համար փոխեց քաշն ու պատվիրեց 184 կգ, բայց նորից ձախողվեց։ Կարապետյանը պոկում վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Գասպարյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։
Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանին հաջողվեց միայն իրացնել առաջին մոտեցումը ու, բարձրացնելով 210 կգը, երկամարտի 393 կգ արդյունքով մեր ծանրորդն ավարտեց ելույթները` երկամարտում ի վերջո զբաղեցնելով 5-րդ տեղը։ Սամվել Գասպարյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 216 կգ և երկամարտում գերազանցեց իր թիմակցին, բայց մեդալ վաստակելու համար ավելին էր պետք։ Իսկ Գասպարյանը հաջորդ երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 222 կգ կշռող ծանրաձողը։ Եվ երկամարտում 394 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտի 404կգ արդյունքով նվաճեց չինացի Հուանհուա Լիուն։
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս գալու կանայք։ 81 կգ քաշային կարգում հանդես կգա Լիանա Գյուրջյանը, իսկ 87 կգ քաշային կարգում մենք ունենալու ենք երկու մասնակից՝ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը։