ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Այսօր պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը»,– ասված է հաղորդագրությունում։
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: