ԵԱՏՄ-ում օրենքով պաշտպանում են երեխաներին սարսափելի խաղալիքներից

Խաղալիքներ
ԵԱՏՄ երկրների փորձագետները նաև մտադիր են փոխել «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԵՏՀ-ն խորհուրդ է տվել Հայաստանին, Բելառուսին և Ղրղզստանին օրենսդրորեն պաշտպանել երեխաներին սարսափելի խաղալիքներից։ Դրա համար ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկվում է իրագործել դեռ 2009 թվականի վերջին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 33-րդ լիագումար նիստում ընդունված երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին մոդելային օրենքը: ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դա պետք է արվի՝ հաշվի առնելով երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման և իրավական կարգավորման առանձնահատկությունները:
Այսօր հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երեխաներին իրենց հոգեբանության վրա ազդող խաղալիքներից պաշտպանելու նպատակով ընդունել է «Երեխաներին և դեռահասներին նրանց առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» հանձնարարականը:
Եվրասիական տնտեսական միության պետություններին հանձնարարվել է դիտարկել «տեղեկատվական արտադրանք» հասկացության կիրառման նպատակահարմարությունը սեղանի խաղերի, ինչպես նաև երեխաների և դեռահասների համար նախատեսված այլ արտադրանքի նկատմամբ, որը կարող է նրանց առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող պատկերներ պարունակել (օրինակ՝ հագուստ, պայուսակներ, ուսապարկեր, հեծանիվներ, դպրոցական պարագաներ):
Որոշվել է նաև շարունակել Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսում են խաղալիքներին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման հնարավորություն՝ երեխաներին դրանց բացասական ազդեցությունից պաշտպանելու առումով: