Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «ՀայաՔվեի» դիտարկումները

Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվեի» դիտարկումներով` իշխանական թեկնածուի նախընտրական քարոզարշավի ժամանակ նաև վարչական ռեսուրսն է կիրառվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր չարտոնված, չհայտարարված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ` մշտապես հայտնվելով լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողներից Մենուա Սողոմոնյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների մասին։
«ՀայաՔվեի» դիտարկումների ժամանակ վերհանված խախտումների թվում է քարոզչության անհավասարությունը։
«Հանրային հեռուստաընկերությունը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում էր Ավինյանին, և այդ լուսաբանումներն իրականացվում էին նաև նախընտրական քարոզչության ֆոնով դեռևս Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի առաջ»,– նշեց Սողոմոնյանը։
Ըստ նրա` քարոզչության անհավասարությունը դրսևորվում է նաև իշխանությունների ֆինանսավորմամբ գործող սոցիալական ցանցերի օգտահաշիվների միջոցով, որոնք փորձում են «սևացնել» Ավինյանի քաղաքական մրցակիցներին։
Արձանագրված խախտումների թվում է կոռուպցիոն հովանավորչական սխեմաների կիրառումը։
«Մենք գիտենք, որ ամենաշատ նախընտրական ֆոնդը Երևանի գործող իշխանության` ՔՊ–ի ձեռքում է։ Հատկանշական է, որ նրանք հայտարարում են, թե այդ ֆոնդը նվիրատվությունների արդյունք է, սակայն նվիրատուների ցուցակը մինչև այսօր հայտնի չէ, և այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ սխեմաներ»,– ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, որ այսպիսով ՔՊ–ն ունի նյութական մեծ առավելություն մյուս «խաղացողների» նկատմամբ։
Մեկ այլ խումբ խախտումներ էլ վերաբերում են կաշառատվությանը կամ դրա խոստումներին։ Հիշեցրեց, որ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ–ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար 1000 դրամներ են բաժանվում։ Ըստ նրա` կաշառքի ձև է նաև այն երևույթը, որն արձանագրվեց օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ–ում, երբ ընտրություններից մի քանի օր առաջ մոտ 500 աշխատակցի պարգևավճար բաժանվեց։
Սողոմոնյանի խոսքով` իշխանական թեկնածուի թիմը նաև վարչական ռեսուրսն է կիրառում նախընտրական քարոզարշավի ընթացքում, քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներ մասնակցում են նախընտրական քարոզչությանը։
«ՀայաՔվեն» պատրաստվում է արձանագրված բոլոր խախտումները զետեղել զեկույցում։ Ապա առաջարկելու են շահագրգիռ բոլոր կողմերին հանդես գալ դիմում–բողոքներով, և այս ամենը հիմք կդառնա վիճարկելու այս գործընթացների օրինականությունը։
Հավաքագրված բոլոր խախտումները «ՀայաՔվեն» ներկայացնելու է ոչ միայն ԿԸՀ, այլև հաղորդում է ներկայացնելու դատախազություն։
ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
«Հանրային ձայն» կուսակցություն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Հաղթանակ» կուսակցություն,
«Ապրելու երկիր» կուսակցություն,
«Հանրապետություն» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
«Արդար Հայաստան» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 275 մլն դրամ։