ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 31–ին էլ Արմեն Գրիգորյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին և քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իսկ Լուիս Բոնոյի հետ հանդիպել էր նաև օգոստոսի 2–ին։ Քննարկման թեման դարձյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերն էին։