ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու` ուղեկցողների հետ միասին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար»,– նշված է հաղորդագրությունում։
Այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։