Ադրբեջանը շարունակում է Հայաստանի պետական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսեց Արցախի մասին` նշելով, որ հումանիտար ճգնաժամը մեղմելու բանակցություններում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին` իրավիճակը ծայրահեղ ծանր անվանելով։
«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը` 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու` Կոռնիձորի մոտ, շարունակում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել»,– հիշեցրեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ բեռների մեկ ուրիշ` ավելի մեծ խմբաքանակ էլ մերձակայքում է։
Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Նա ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
«Պետք է հուսալ, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,– շեշտեց Փաշինյանը։
Պաշտոնական Երևանը Ստեփանակերտին խրախուսում և քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։
Նա հավելեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր մեկնաբանությունները։ Հիմա հայկական կողմն աշխատում է ներկայացված առաջարկի ուղղությամբ, ողջամիտ ժամկետում մեր մեկնաբանությունները կներկայացվեն։
«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,– ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը։
Ըստ նրա` նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։
Հիշեցնենք` ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը (ալյուր, շաքար, ձավար, մակարոն և պահպանման երկար ժամկետ ունեցող այլ մթերք, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներ) Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: