«Զանգեզուրի միջանցք» չի կարող լինել. Փաշինյանն անդրադարձավ թուրք նախարարի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
Կառավարության օրակարգում շարունակվում է շրջանառվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 3 անցակետ տեղադրելու նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի համար անընդունելի է և «կարմիր գիծ է» Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։ Պատգամավորը մեջբերել էր այսօր Ստամբուլում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի` «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հայտարարությունը։ Թուրք նախարարն ասել էր, թե առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին։
«Եռակողմ հայտարարության մեջ սուվերենության որոշակի սահմանափակմամբ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը։ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ»,– ասաց վարչապետը։
Միաժամանակ վարչապետն անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին` շեշտելով, որ Հայաստանը կողմ է Հորադիզ–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղու վերաբացմանը, և այն մեր երկրի համար կարևոր նախագիծ է համարում։ Հայաստանը կողմ է նաև տարածաշրջանի երթուղիների բացմանը։
«Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան` Հայաստանի տարածքով, այնպես էլ` Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները` Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։ Արդյոք մենք դե՞մ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրագծեր։ Ոչ, դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով և հետաքրքրված ենք։ Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,– շեշտեց վարչապետը։
Նա հիշեցրեց նաև, որ արդեն երկար ժամանակ է` կառավարության օրակարգում շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու նախագիծ` մեկը` Նախիջևանի, երկուսը` Ադրբեջանի արևմտյան շրջանների սահմանին։