Սյունիքի սահմանամերձ 3 գյուղի բնակիչները 1 ամսից ավելի է տրանսպորտ չունեն դեպի Գորիս

Որոտան գյուղը
Միկրոավտոբուսը, որի երթուղին անցնում էր Շուռնուխ, Բարձրավան և Որոտան գյուղերով, արդեն մի քանի շաբաթ է նորոգվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի սահմանամերձ 3 գյուղի բնակիչներն արդեն ավելի քան 1 ամիս է` դեպի Գորիս գնացող տրանսպորտ չունեն։
2023 թվականի մայիսին Գորիսի համայնքապետարանը կանոնավոր անվճար երթեր էր գործարկել Գորիսից դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ գյուղեր։
Սակայն արդեն ավելի քան 1 ամիս է, ինչ տրանսպորտը չի գործում`այն փչացել է և ներկայում վերանորոգվում է։ Այժմ բնակիչները ստիպված դիմում են հարևաններին, որոնք մեքենա ունեն` ճանապարհածախսի համար վճարելով։
Գորիսի համայնքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մի քանի անգամ հայտարարել են Գորիս–Խնձորեսկ և Գորիս–Որոտան–Բարձրավան–Շուռնուխ երթուղիների սպասարկման մրցույթներ։ Որևէ ընկերություն դրանց չի մասնակցել վատ ճանապարհների պատճառով։
«Համայնքապետարանը ստիպված իր միջոցներով 2 Mercedes-Benz Sprinter է ձեռք բերել` յուրաքանչյուր երթուղու համար մեկական»,– հայտնեցին համայնքապետարանից։
Մեքենաները երաշխիքային ժամկետում են, այդ պատճառով փչացած միկրոավտոբուսը վերանորոգում է վաճառող ընկերությունը։ Ընկերության ադմինիստրացիայից հայտնել են, որ պահեստամասերը շուտով Հայաստան կտեղափոխվեն։
Հաշվի առնելով այն, որ Գորիսի քաղաքապետարանը երթուղին սպասարկելու համար լրացուցիչ մեքենաներ չունի, սահմանամերձ գյուղերի բնակիչներն այս ընթացքում զրկվել են Գորիսի հետ մշտական կապից։
Հարևանների տանն ենք լողանում. Շուռնուխի բնակիչները սպասում են նոր տների կառուցմանը