ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ում Մոլդովայի ժամանակավոր հավատարմատարը ՌԴ ԱԳՆ է կանչվել Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովի արտաքսման կապակցությամբ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ Դենիսովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ իրեն արտաքսում են Մոլդովայից։ Նա պարզաբանել էր, որ Քիշնևի իր տուն են եկել միգրացիոն ծառայության աշխատակիցները, նստեցրել մեքենան ու արտաքսման հրամանով տարել օդանավակայան։
Դենիսովի խոսքով` Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ ինքը սպառնալիք է ազգային անվտանգության համար։
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Զախարովան Դենիսովի հետ կապված միջադեպը լրատվական դաշտի «մաքրում» էր անվանել։