Հռոմի ստատուտը վավերացվելու է իմ դիրքորոշմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ վավերացումը որևէ կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց, որ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով` վավերացման։
«Այն վավերացվելու է իմ դիրքորոշմամբ և մեր խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Դա որևէ կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ, այլ կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբրի 5–ին Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու որոշման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան հետագա քայլերը կորոշի` ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։