ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ, որից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ 144 անձանց վերաբերյալ հարուցված վարույթն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում 1051 քրեական վարույթից 222–ը կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել է վարութային և ապացուցողական գործողությունները, 7 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 76-ը միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:
Ընդ որում` դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:
Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան: