ՀՀ–ից կատալիզատորների արտահանման արգելքը տարակարծություն է առաջացրել. ովքեր են կողմ և դեմ

Արխիվային լուսանկար
Ունենա՞լ կատալիզատոր, թե՞ ոչ։ Հարցն իսկական երկընտրանք է վարորդների համար. մի կողմից այս պահեստամասը խիստ կարևոր է թե մեքենայի, թե վարորդի կյանքի, թե շրջակա միջավայրի համար, մյուս կողմից այն թանկ ավտոմաս է, վաճառելով` հնարավոր է մեքենայի շատ խնդիրներ լուծել։
Sputnik
Կատալիզատորների արտահանման ժամանակավոր արգելքի դեմ բողոքներն անհիմն են ու մանիպուլյատիվ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Նշենք, որ կառավարությունը ցանկանում է 2024 թ. հունվարի 1–ից ևս 6 ամսով երկարաձգել ՀՀ տարածքից ԵԱՏՄ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այս պահին ուժի մեջ է 2023 թ. հունիսի 29–ի որոշումը, որով արտահանման արգելքը մինչև դեկտեմբերի 31–ն է։
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
«Այս արգելքը նրա համար է, որ մարդիկ իրենց մեքենաների վրայից այդ կատալիզատորները չհանեն։ Դրանց առկայությունը մեքենաների վրա միայն օգուտ է տալիս մարդկանց առաջին հերթին էկոլոգիական տեսանկյունից։ Ստացվում է` կառավարությունն այս նախագծով ապահովում է բնակչության առողջությունը։ Եթե հիմա կատալիզտորների արտահանմամբ զբաղվողները նեղվում են, դա իրենց իրավունքն է, սակայն դա այն բիզնեսը չէ, որով որևէ մեկը պետք է զբաղվի։ Այդ մարդկանց տնտեսվարողներ ասել էլ պետք չէ. նրանք չարչիներ են, որոնք օգտվում են ինչ–որ արհեստական ծնված պահանջարկից»,– կարծիք հայտնեց Պետրոսյանը։
Sputnik Արմենիան զրուցել է նաև կատալիզատորների բիզնեսով զբաղվող Դավիթ Դ.-ի հետ։ Նա վստահեցրեց, որ կատալիզատորները վաղ թե ուշ մեքենաներից պետք է հանվեն, քանի որ դրանք թույլատրելի չափով քշելուց հետո փչանում են և կարող են մեքենային վնաս տալ, իսկ դրանց արտահանման արգելքը անտրամաբանական է և նպաստում է մաքսանենգությանը։
«Պետությունն ասում է` եթե խնդիր է առաջացրել կատալիզատորը, մեքենայի վրայից հանեք, դրեք տանը, մի վաճառեք։ Իսկ դրա արտահանման արգելքի պատճառով կատալիզատորների արժեքներն էլ, բնականաբար, էժանացել են։ Այսինքն, եթե մարդը հնարավորություն ուներ կատալիզատորը հանելու, իքս գումարով վաճառելու ու իր մեքենայի խնդիրները լուծելու, հիմա պիտի կատալիզատորը հանի, իր գրպանից հավելյալ գումար ծախսի, որ, օրինակ` մեքենան վերանորոգի»,– նշեց Դավիթը։
Ըստ նրա` բենզինով աշխատելու դեպքում կատալիզատորի վազքային երաշխիքը մինչև 150 հազար կիլոմետր է, բայց քանի որ ՀՀ–ում մեծ մասը մեքենան վարում է գազով, արդյունքում կատալիզատորները ավելի շուտ են փչանում և կարող են վնասվել, հետևաբար պետք է հանվեն մեքենայից և փոխարինվեն։
Այս պատճառաբանությունը Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի համար տարօրինակ էր։
«Կատալիզատորը ֆիլտր է, որը արտանետվող գազերից կլանում է հնարավորինս շատ վնասակար նյութեր։ Երկար աշխատելուց, այո, իր ֆունկցիոնալությունը կորցնում է, սակայն դրա ժամկետը սահմանում է կոնկրետ արտադրողը կոնկրետ վառելիքի դեպքում։ Արդյունքում դրանք ոչ թե պետք է ուղղակի հանվեն, այլ պետք է փոխարինվեն նոր կատալիզատորներով, ինչպես օրինակ կանեիք, եթե փչանար, ասենք` ձեր ավտոմեքենայի շարժիչը կամ մեկ այլ պահեստամաս»,– ընդգծեց նա:
Կոռուպցիոն ռիսկ, ընդվզում. ինչ խնդիրներ կարող է բերել կատալիզատորների հետ կապված որոշումը
Պետրոսյանի դիտարկումները ցույց են տվել, որ մեքենաները ՀՀ են մուտք գործում կատալիզատորներով, և դրանց 90 տոկոսի դեպքում պահեստամասը հանվում է սարքին վիճակում։
Օդի աղտոտվածության հետ կապված` Դավիթը ևս նույն կարծիքին է` թանկարժեք այս պահեստամասի բացակայությունն առաջին հերթին վնաս է հենց վարորդին, որը վարելիս կարող է զգալ բենզինի հոտը։ Այս դեպքում, նրա դիտարկմամբ, ուղղակի պետք է տեղադրել կատալիզատորի փոխարինիչ։
Գաղտնիք չէ, որ կատալիզատորը պարունակում է պլատին, թանկարժեք մետաղներ, որը վերամշակվում է արտերկրում։ Դավիթի կարծիքով` եթե պետությունը նման արգելքով միտում ունի այդ վերամշակումը պետության ներսում անել, ապա դա անհեռանկարային է. տարիներ շարունակ կատալիզատորները տոննաներով դուրս են հանվել, իսկ հիմա հիմնականում նոր մեքենաներ են ներմուծվում, որոնց մոտ ուշ է խնդիր առաջանում և, հետևաբար, ուշ է հանվում կատալիզատորը։
Նա վստահ է` պետությունը այդ ծրագիրն իրագործելու համար ուշացել է։ Կատալիզատորներ արտահանողներն անգամ հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։
«Քերոբյանը մեզ ասաց` ամեն անգամ կատալիզատորի արտահանման մասին փաստաթուղթը ստորագրելուց իմ ձեռքը ջարդվում է։ Նրա պատճառաբանությունն այն է, որ իր կնոջ մեքենայի վրայից գողացել են կատալիզատորը, տեղադրել են, էլի են գողացել։ Արտահանման ժամանակավոր արգելքի որոշման ընդունումը նա պայմանավորում է հենց գողությունը վերացնելու, քչացնելու հանգամանքով»,– նշեց Դավիթը։
Նա համոզված է, որ արտահանման ժամանակավոր արգելքով հնարավոր չէ գողությունների քանակը նվազեցնել, ընդհակառակը` մեծանում է մաքսանենգ ճանապարհով այն երկրից դուրս հանելու ռիսկը. կատալիզատորը թանկարժեք մետաղ է պարունակում, և գողացող մարդը ելք կգտնի այն գողանալու և վաճառելու։
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ կատալիզատոր գողանալն այդքան էլ հեշտ բան չէ, չես կարող ուղղակի պոկել, հանել մեքենայից։ Կատալիզատորի փոխարինիչներն էլ հարցի լուծում չեն։
«Գիտեք, որ առանց կատալիզատորների մեքենաները 2024 թ. հունվարի 1–ից այլևս իրավունք չեն ունենալու անցնելու տեխզննում։ Քանի որ կատալիզատորը բավականին թանկարժեք պահեստամաս է, պետությունը որոշել է ավելի մեղմ ճանապարհով գնալ ու դեռ չպարտադրել դրանց առկայությունը տեխզննման ժամանակ»,– նկատեց Պետրոսյանը։
Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարացվում է ևս 6 ամսով
Ըստ նրա` ՀՀ կառավարության այս որոշումը կիսատ միջոց է, և այս հարցին պետք է ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի, հետևողական մոտեցում ցուցաբերվի։
«Մեր հիմնական խնդիրը կոմունիկացիայի բացակայությունն է, երբ մարդկանց նորմալ չեն բացատրվում օրենքների, որոշումների բովանդակությունը»,– նշեց նա։
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահը հիշեցնում է, որ տարիներ առաջ Վրաստանում ևս խիստ տարածված էր կատալիզատորների արտահանումը, մինչև որ սկսեցին խիստ միջոցներ ձեռնարկել։
Հիշեցնենք` առաջին անգամ արտահանման ժամանակավոր արգելքի որոշումը կայացվեց 2022 թ. դեկտեմբերի 15-ին, և այն արդեն երրորդ անգամ է երկարձգվում։