ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինից հետո մեկնաբանել է հայտարարությունները, թե իբր Հայաստանում 3000 վագներականներ կան, որոնք նպատակ ունեն իրականացնել հեղաշրջում:
Այսօր ճեպազրույցի ժամանակ Զախարովան նման հրապարակումներն անվանել է հերթական առասպել։
«Կա՞ն լուսանկարներ, կա՞ն ապացույցներ։ Որտեղի՞ց է եկել 3000 թիվը, ինչո՞ւ ոչ 3 քվադրիլիոն, կամ ինչո՞ւ ոչ մեկուկես մարդ: Որտե՞ղ են փաստերը, որտե՞ղ են այդքան շատ մարդիկ: Հայաստանը երեք միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Երևի, որ տեսնեին այդ մարդկանց, կնկատեին» - նշել է նա։
Նա հիշեցրեց Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որը այս հրապարակումը անվանել էր զառանցանք:
«3000–ը փոքր թիվ չէ, դա մարդկանց փոքր խումբ չէ, որ կարող է թաքուն մնալ», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում լուրեր տարածվեցին, թե երկրում վագներական 3000 մարտիկ կա, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և հեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։